Հարգելի բժիշկ, ժամանակ առ աժամանակ հարաբերության կեսից առնանդամս թուլանում է և չեմ կարողանում ակտն ավարտին հասցնել: Կինս իհարկե չի դժգոհում, սակայն ես ինձ շատ վատ եմ զգում, շատ անհանգիստ եմ, կարող է ինչ-որ լուրջ հիվանդություն ունեմ, որի մասին տեղյակ չեմ: 41 տարեկան եմ, առողջական այլ գանգատ չունեմ:

Հարգելի բժիշկ, ներհրման պահին առնանդամիս պնդությունն անցնում է և չեմ կարող կնոջս բավարարել, գնացել եմ ուռոլոգի մոտ, նշանակել է Վեգարա, խմել եմ, բայց ոչ մի օգուտ: Հետազոտությունների արդյուքնում պարզվեց, որ ունեմ սնկային բորբոքում, ստացել եմ համապատասխան բուժում, բայց էրեկցիան չի վերականգնվել:

Բարև Ձեզ հարգելի Բժիշկ Ներսիսյան, շատ, անչափ շատ, շնորհակալ կլինեմ Ձեզ, եթե պատասախանեք իմ այս հարցին: Ամուսինս 47 տարեկան է և գանգատվում է թույլ էրեկցիայից, իսկ օրգազմից անմիջապես 10 վայրկյան անց, այն միանգամից թուլանում է: Դա նորմա՞լ է արդյոք:

Առնանդամի պրկման առաջացմանը մասնակցում են օրգանիզմի մի քանի համակարգեր և ենթակառույցներ՝ նյարդային, սիրտ-անոթային, ներզատական համակարգերը, առնանդամի փապարային մարմինները, շագանակագեղձը: Մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, սրտային հիվանդությունները, քնի ապնոէն, հիպերպրոլակտինէմիան, հիպոգոնադիզմը, ինչպես նաև որոշ հակահիպերտենզիվ և հոգեմետ դեղեր թուլացնում են էրեկցիան: Առնանդամի թուլության ախտածագման մեջ մեծ դեր են խաղում նաև հոգեէմոցիոնալ գործոնները և հոգեախտաբանական վիճակները, մասնավորապես՝ դեպրեսիան, կախվածությունը, բնավորության շեշտվածությունները և անձնային խանգարումները:

Կարդալ ավելին

Չպետք է մոռանալ սակայն, որ էրեկցիան տղամարդու սեռային ինքնության ինքնաարտահայտումն է, արական ուժի կենդանացումը, և առնանդամի պրկումը տղամարդու սեռական ակտիվացման միայն արտաքին՝ երևացող մասն է: Ավելի խորքային՝ չերևացող կողմում, տղամարդու սեռական գրգռման համար պատասխանատու է տղամարդու էությունը, որքան շատ է այդ էությունը մուտք ունենում դեպի արական ուժային մարմիններ, այնքան ուժեղ է էրեկցիայի պնդության աստիճանը: Սեռական ակտ իրականացնողն այդ ուժը սնուցող էությունն է, ոչ թե առնանդամը, առնանդամը ընդամենը գործիք է այդ ուժի ձեռքին, որի հիմնական նպատակը սերմնահեղուկի ուղղորդված արտանետումն է:

Էրեկցիայի թուլությունը մեր օրերում դարձել է բավական տարածված խնդիր, որովհետև ժամանակակից տղամարդն իր էության կորստի պատճառով սեռական ակտ է իրականացնում ոչ թե այդ էությամբ, այլ առնանդամով: Տղամարդու էության կորուստը տարածված խնդիր է, որի հիմնական պատճառներից են ինքնագիտակցության պակասը, հոգետրավմատիկ իրադարձությունները, ֆիզիկական հիվանդությունները: Տղամարդու էության կորուստը ավելի երիտասարդ տարիքում կարող է փոխհատուցվել հորմոնային հագեցվածությամբ, ինչը հնարավոր չէ 40-ից հետո, որովհետև ցածր հորմոնալ ֆոնի վրա առնանդամը գործի դնող ուժի բացակայությունն արդեն ակնհայտ է դառնում:

Իսկ ինչպես է տեղի ունենում տղամարդու էության կորուստը և արդյոք հնարավոր է այն վերադարձնել?: Ամեն անգամ, երբ տղամարդը նույնականացվում է իր սեռական կրքի, սիրային կախվածությունների, սեռական խթանիչների, դոգմատիկ սեռական պատկերացումների հետ, տղամարդու էության մի հատված «պոկվում և թաքնվում է տեսադաշտից»: Նույնականանալ սեռական կրքի, սիրային կախվածությունների, սեռական խթանիչների, դոգմատիկ սեռական պատկերացումների հետ նշանակում է էության մասնատում և այդ մասերից յուրաքանչյուրի անկախացում:

Էությունը մասնատող ամենատարածված պատճառը մանկության կամ պատանեկության տարիքում ապրած սեռային ոտնձգության կամ չարաշահման փորձն է: Երեխայի հոգեկանն ի զորու չէ բանական իմաստավորմամբ հանդարտեցնել այդ ցավը, ուստի և սեռական ապրումների հետ մեկտեղ այդ ցավագին փորձառությունը պոկվում և տարանջատվում է հոգեկան ամբողջից՝ թաքցնելով գիտակցության տեսադաշտից էության մի կարևոր հատված: Հոգեսեռական զարգացումն այնուհետև ընթանում է այլընտրանքային սեռականության ստեղծման ճանապարհով՝ բերելով անձի «սեռային երկատման», ձևավորվում է այլընտրանքային սեռային ինքնություն, որը կտրված է իրական սեռականությունից: Երկատման այս իրողությունը կտրում է սեքսուալ-էրոտիկն իր ակունքից, որն այսուհետ ձեռք է բերում անկախություն և դադարում հոգեկան ամբողջի շրջանակներում հանուն այդ ամբողջության իր մասնաբաժնով գործառելուց: Հոգեբուժության մեջ այս խանգարումը նկարագրված է դիսոցիատիվ խանգարումներ խորագրի ներքո:

Տղամարդու էության վերադարձը այն նախապայմանն է, ու դա կարող է անել յուրաքանչյուր տղամարդ, եթե նա ուզում է արմատապես ազատվել սեռական կյանքի հետ կապված բոլոր խնդիրներից, առանց որի հնարավոր չէ բուժել սեռական անկարողությունը, վերականգնել սեռական կյանքում ներդաշնակ զույգային հարաբերությունները:

Փակել